HomeAbout UsCRIMINAL TIME TV SHOWDonationNews About Human RightsScientific articles
Armenian GenocideOur newspaperYOUR RIGHTSNEWS NETWORKThe Calendar Daily NEWSAHAZANG WEEKLY
CRIMINAL TIME  NEWSPAPERThe 45th President Of The United States

Ղարաբաղում ուժի կիրառմամբ իրավիճակը սրելը կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ. Ռիչարդ Կիրակոսյան

20:29 • 03.04.16


Ադրբեջանի և Հայաստանի նախագահների համար Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովը հնարավորություն էր ցուցադրելու իրենց երկրների ռազմավարական նշանակությունը, սակայն ԱՄՆ-ի դիվանագիտական փորձերը կազմակերպելու երկու կողմերի անմիջական հանդիպումը ձախողվեցին: Այս մասին իր մտորումները Aljazeera կայքում հրապարակված հոդվածում ներկայացրել է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

«Այդ ձախողումն առավել ցավալի էր, քանի որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողն է, որն էլ Ղարաբաղյան խաղաղ բանակցային գործընթացի միակ պատասխանատու դիվանագիտական մարմինն է», - գրում է Կիրակոսյանը:

Ըստ նրա` ադրբեջանական ռազմական արշավի մեկնարկը լույսի ապրիլի 2-ին նշանակում է, որ հարձակվելու որոշումը Ադրբեջանի նախագահը կայացրել էր կամ Վաշինգտոնում կամ Բաքու վերադառնալիս:

«Ժամանակի ընտրությունը միայն խոսում է այն մասին, որ այցը Վաշինգտոն Ադրբեջանի ղեկավարի վերջին հնարավորությունն էր կամ վերջնագիրը ԱՄՆ-ին՝ ավելի նրբանկատ վարվել Ղարաբաղյան հակամարտության հարցում», - ընդգծում է վերլուծաբանը:

«Ղարաբաղում ուժի կիրառմամբ իրավիճակը սրելը կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ: Դա կարող է, ըստ էության, միջամտելու նոր հնարավորություն ընձեռել Ռուսաստանին: Թեև Ռուսաստանի միակ ռազմաբազան տարածաշրջանում Հայաստանում է տեղակայված, Մոսկվան վերջին տարիներին ներկայացել է որպես Ադրբեջանին հիմնական զենք մատակարարող», - եզրափակում է Կիրակոսյանը:
 Նախագահ․ Լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը

Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը շփման գծում:


Հրապարակված է՝ 04.04.2016

Եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ԵԱՀԿ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձինք: Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ: Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ` խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի: Եվ դա արել է, այսպես կոչված, Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որովհետև Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել: Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ: Այդ կադրերը երեկ հայտնվեցին նաև լրատվամիջոցներում. նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք «հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում» Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի պարբերաբար հնչեցվող խոսքերի հետ»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ»:

«Նման մասշտաբի գործողություններ չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Հարձակողական սադրիչ գործողություններն ադրբեջանական կողմից վերսկսվել են հաջորդ օրն առավոտյան և շարունակվում են մինչև այս պահը: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ: Այսպես կոչված «միակողմանի զինադադարի» հայտարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ աշխատել է Ադրբեջանի հրետանին», - ընդգծել է նախագահը:

Նրա խոսքով՝ մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ «ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի»: «Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա», - ասել է Սարգսյանը և հավելել․ - «Ակնհայտ է, որ թե՛ ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված»:

«Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, և պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք», - շեշտել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր: Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր: Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը և հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է ծանր հրետանի ու գնդակոծում խաղաղ բնակչությանը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, և դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»:

«Ես երեք ուղերձ ունեմ ձեզ, որոնք ուզում եմ, որ փոխանցեք ձեր մայրաքաղաքներ», - ասել է Սարգսյանը՝ թվարկելով․

«Առաջին, Ադրբեջանի արտգործնախարարության, ինչո՞ւ միայն արտգործնախարարության՝ Ադրբեջանի նախագահի խոսքից էլ էր դա երևում, և այլ պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակավ հայտարարվել է, որ ինչ-որ նպատակներով, միգուցե իրենց համար հասկանալի, բայց մինչ օրս տեղի ունեցող գործընթացների մեջ որևէ կերպ չտեղավորվող պատճառներով, հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել: Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք, ենթադրվում է, որ պիտի լուծվեին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից»:

«Վերջին օրերին հնչեցին բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ: Դրանք արդյունավետ չեն այնքան ժամանակ, հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ միջազգային հանրությունը լուռ էր, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն նախատեսում հետևանքներ դրանց անտեսման համար»:

«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը, և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ և առաջ զինադադարի հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաև ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը»:

«Երկրորդ, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ որևէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես` ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը և հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին»:

«Հայկական կողմը, և դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահներն ու այստեղ նստած երկրները ներկայացնող դեսպանները, երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորմանն ուղղված տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութակցվելու վտանգից: Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները»:

«Երրորդ. Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» և սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը: Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը և փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները և դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար»:

«Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին և ոգուն: Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր իմ կարծիքով հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է նրանց, թե` ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության և գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը»:

«Որպես ԵԱՀԿ-ի անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ-ի բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթե առկա է կամք և ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը», - հայտարարել է նախագահը:

«Եվ վերջում. ԵԱՀԿ-ի մասնակից երկրներից մեկը՝ Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեև միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ և հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձևավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արևելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից», - ընդգծել է Սարգսյանը:

Նախագահը հույս է հայտնել, որ «հանուն համաեվրոպական անվտանգության ու խաղաղության» իր ուղերձն ու մտահոգությունները դրական արձագանք կգտնեն ԵԱՀԿ-ի անդամ երկրների մայրաքաղաքներում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, ռազմաճակատի ողջ երկայնքով թեժ մարտերը շարունակվում են, ադրբեջանի բանակը շարունակում է ռմբահարել հայկական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը՝ օգտագործելով նաև ծանր զինտեխնիկա՝ ТОС-1 տեսակի հրանետեր, «Գրադ» կայանքներ ու տանկեր:

Ըստ Ղարաբաղի պաշտպանության բանակի, հայկական ուժերը ճնշել են հակառակորդի գործողությունները, պատճառել կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Միայն այսօր, ըստ հայկական պաշտոնական աղբյուրների, շարքից հանվել է ադրբեջանական հինգ տանկ, այդ թվում՝ վերջերս ձեռք բերված Т-90-ներ, ТОС-1 տեսակի հրանետ և հարվածային անօդաչու երեք սարք:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, թե հայկական ստորաբաժանումները ազատագրել են նոր դիրքեր՝ առանց մանրամասնելու, թե դրանք որտեղ են գտնվում:

«Այս պահի դրությամբ և՛ հյուսիսում, և՛ հարավում շարունակվում են ակտիվ մարտական գործողություններ: Հյուսիսային կողմում հակառակորդը օրվա ընթացքում կիրառել է նաև աննախադեպ զինատեսակ՝ ծանր հրանետեր՝ ТОС-եր, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներ, որոնցից մի քանիսը հաջողվել է խոցել: Համառ մարտեր են ընթանում, կիրառվում է ծանր հրետանի, տանկային ուժերի և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Այս պահի դրությամբ հայկական ու ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հստակ տեղեկություններ չեն հաղորդում, թե քանի զոհ ու վիրավոր ունեն: Երրորդ օրը շարունակվող մարտերից հետո՝ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց միայն զոհված յոթ զինծառայողների տվյալներ:

«Մի քանի հատվածում փորձ է կատարվել ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, կասեցվել է, հակառակորդը տվել է մոտավորապես 2 տասնյակ կենդանի ուժի կորուստ, 5 տանկ է խփվել», - «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այսօր խոցվել են նաև Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերված T-90-տեսակի տանկեր:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով, նախահարձակ լինելով` Ադրբեջանը նպատակ է ունեցել «ընդամենը փոխել շփման գծի որոշ հատվածներ»:

«Երբ մենք գնահատում ենք այն ուժերը, ինչ որ նա օգտագործում է, այդ ուժերի քանակը, ակնհայտ է դառնում, որ նա չի դրել իր առջև խնդիր վերցնել Ղարաբաղը: Այդ ուժերով այդ մոտեցմամբ միայն հնարավոր է փոխել շփման գիծը ի օգուտ Ադրբեջանին», - ասաց պաշտպանության նախկին նախագահը` շարունակելով. - «Ակնհայտ հիմա զգացվում է, որ այն, ինչ նա պլանավորել է, չի ստացվել և ինքը չունի բավարար ուժեր, որպեսզի դա շարունակի: Հիմա նա պաշտպանվում է, փորձում է պահել դիրքերը, որոնք իրեն հաջողվել է մի մասը վերցնել, բայց դրանք այդպիսի մի ռազմավարական նշանակություն չունեն: Ես համոզված եմ՝ մի քանի օրից մենք կտեսնենք, թե վերջնական տարածքային ինչ արդյունքներ կունենանք»:

Ռազմական գործողությունների ֆոնին պաշտոնական Ստեփանակերտը ընդգծում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը: Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանն այսօր «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց․ - «Այս իրավիճակում ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ էֆեկտիվ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները»:
Թեժ մարտերը շարունակվում են